29 05 2020

Գույքահարկի բարձրացում. Փաշինյանի` ճգնաժամի պահին մարդկանց գրպանը մտնելու «քայլը»

Գույքահարկի բարձրացում. Փաշինյանի` ճգնաժամի պահին մարդկանց գրպանը մտնելու «քայլը»

«Ժողովրդի» իշխանությունը երկրի և ժողովրդի դեմ հերթական «իր քայլն» արեց՝ բարձրացրեց շինությունների և հողի գույքահարկը։ Ֆինանսների նախարարի հավաստմամբ, դրա արդյունքում գույքահարկը կբարձրանա 4,3 անգամ։ Նպատակը՝ «համայնքներին իրենց խնդիրների լուծման հարցում առավել լավ որակ ապահովել»։ Ինչ կարելի է ասել այս որոշման մասին։

1․ Կառավարությունը գույքահարկ է բարձրացնում հենց այն պահին, երբ երկիրը մտել է խորը տնտեսական և կորոնավիրոսւով պայմանավորված առողջապահական համակարգի ճգնաժամի մեջ։ Արդարացումը, որ դա աստիճանաբար է կյանքի կոչվելու, ոչինչ չի փոխում, քանի որ հայտնի չէ, թե այս ճգնաժամը որքա՞ն է շարունակվելու և ի՞նչ հետևանքներ է ունենալու մարդկանց սոցիալական վիճակի վրա։

2․ Գույքահարկի բարձրացմամբ Նիկոլ Փաշինյանը վերջին մեխն է խփում մեր երկրի գործարար և ներդրումային միջավայրի համար իր սարքած դագաղին՝ բանկային գաղտնիքի բացահայտելու հնարավորություն ստանալու և ապօրինի գույքը առանց դատարանի որոշմամբ բռնագանձելու օրենքների ընդունումից հետո։ Դժվար է գտնել մի երկիր, որ ունենալով ներդումների համար ոչ բարենապաստ օբյեկտիվ պատճառներ (երկու կողմից շրջափակում, երկաթուղային կապի բացակայություն, պատերազմական իրավիճակ հարևան երկրի հետ, փոքր շուկա և այլն), ինքն իր կողմից ավելի վատթարացնի վիճակը՝ ընդունելով նման օրենքներ։ Դժվար է անգամ ասել, սա հիմարություն է, թե՞ դիտավորյալ վնասարարություն։

3․ Այս օրենքով իշխանությունը պարզապես ցանկանում է հնարավորություն ստեղծել տեղերում իր դրածոների համար եկամտի՝ հետևաբար և պարգևատրումների ու այլ շռայլությունների աղբյուր ստեղծել։ Սա հատկապես վերաբերվում է Երևանի քաղաքապետին և նրա շրջապատին։ Մեկ տարի առաջ տեղական տուրքերի բարձրացումը հավանաբար բավարար չի Հայկ Մարությանի, նրա տեղակալների, խորհրդականների, վարչությունների պետերի առանց այն էլ աստղաբաշխական պարգևտրումների համար։ Երբ խոսվում է ավելի թանկ գույքից ավելի բարձր գույքահարկ ստանալու մասին, բնականաբար դա հիմնականում վերաբերվում է մայրաքաղաքին։ Հայաստանի մնացած բնակավայրերում գույքի արժեքը ավելի ցածր է՝ պայմանավորված դրա կադաստրային և շուկայական արժեքներով։ Պարզ է, որ նույն շքեղ տունը Երևանում և ասենք Ապարանում նույն արժեքը չունեն։ 

4․ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է՝ ասելով, որ այս օրենքով հավելյալ հարկում ենք ճոխությունը, իսկ էժան գույք ունեցողների համար գույքահարկն էապես չի ավելանալու։ Թանկանալու է, այն էլ ինչպես։ Ընդ որում՝ ոչ միայն  հարկման դրույքաչափերի բարձրանալու, այլև հարկման նոր մեթոդ կիրառելու հետևանքով։ 

Բանն այն է, որ ըստ կառավարության հիմնավորման, նոր նախագծով գույքը հարկվելու է ոչ թե ըստ ներկայիս անհամեմատ ավելի ցածր կադաստրային արժեքը, այլ գույքի շուկայական արժեքը հիմք ընդունելով։ Ավելին, հարկվելու է ոչ թե «հողի և դրա վրա կառուցված շինությունների կադաստրային արժեքներն առանձին-առանձին, այլ այդ գույքա­յին միավորի՝ որպես հողի և դրա բարելավումների (հողի վրա կառուցված շինու­թյունների) շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հանրագումարը»։ Հասկանալի լեզվով ասած, եթե առանձին շինությունը և առանձին հողը ունեին ավելի ցածր արժեք և հարկվում էին հիմք ընդունելով նրանց ներկայիս ցածր կադաստրային արժեքները, ապա նոր օրենքով՝ միասին վերցրած շուկայական արժեքը։ Բնական է, որ տվյալ դեպքում անշարժ գույքի արժեքը, ինչպես նաև դրա գույքահարկը թանկանում է անգամներով։ 

Հարկման դաշտից դուրս գույք այլևս չի լինելու։ Ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված արժեքով շինությունները չեն հարկվում, իսկ դա նշանակում է, որ սոցիալապես անապահովներն են օգտվում այդ հնարավորությունից։ Այսուհետ՝ բոլորն են հարկվելու։ Հիմնավորումը հետևյալն է, դա «կնպաստի սեփականության իրավունքի վերաիմաստավորմանը և հարկերի վճարման մշակույթի ամրապնդմանը»։ Կարելի է երկար-բարակ բացատրել «հպարտ քաղաքացիների» գրպանները մտնելու Նիկոլ Փաշինյանի ցինիզմի բոլոր նրբերանգները, հիշեցնել երկու տարի առաջ նրանց առջև տրամագծորեն հակառակ խոստումներ տալը, բայց դա չենք անի։ Պարզապես արձանագրենք փաստը՝ Նիկոլ Փաշինյանը այս օրենքով մտնում է հենց ցածր եկամուտներ և էժան գույք ունեցող մարդկանց գրպանները։ 

Գույքահարկի հին և նոր դրույքաչափերին և դրանց փոփոխման հետևանքներին հանգամանորեն կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակմամբ։  

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ